ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

համահայկական քննարկումների և ազգային համաձայնության ձեւավորման մասին գրում է

Ընդհանրական հանրային գիտակցության մեջ տեսական մոդելների քննարկումը համարվում է փոքր-ինչ թեական զբաղմունք, աշխատանք, որի կիրառական արժեքը մշուշապատ է ու հաճախ օբյեկտիվ իրականությունից հեռու: Այդ մոտեցումը, սակայն, չի դիմանում որևէ քննադատության: Համաշխարհային փորձը վկայում է, որ ցանկացած գործնական արդյունք հաջողվում է բացառապես տեսական, աշխարհայացքային ու արժեքային նախադրյալների առկայության պարագայում: Մեզանում էլ, չնայած վերջին տարիների միտումներին, ապագայի քննարկումների վերաբերյալ աշխատությունների պահանջարկ կա: Անկախ նրանից՝ կիսու՞մ ենք արդյոք հեղինակի պատկերացումներն ու մոտեցումները, մեթոդաբանությունն ու գիտավերլուծական գործիքակազմը, տեսլականների ու ապագայապաշտական սցենարների ուսումնասիրությունը խիստ կարևոր է ժամանակակից աշխարհում:

Հայտնի ճշմարտություն է՝ Ժամանակակից աշխարհում ահագնանում է փոփոխությունների արագությունը, սեղմվում են ժամանակի ու տարածության հասկացությունները, վերարժևորվում է ավանդական փիլիսոփայական միտքը: Առաջանում են նորանոր մարտահրավերներ, որոնց, ի դեպ, վարպետորեն անդրադառնում է նաև այս աշխատության հեղինակը, և որոնց այլևս հնարավոր չէ դիմակայել անցյալում հայտնի որևէ գործիքակազմով: Նոր աշխարհում մեր գիտելիքները հնանում են երկրաչափական պրոգրեսիայի արագությամբ, և մեր բնական միջավայրի տագնապների համապատկերին հեղինակը շարադրում է իր մոդելը՝ համամոլորակային մտահոգություններից գալով տեղային լուծումների, որոնց հետ համաձայնելու կամ վիճելու, ընդունելու կամ քննարկելու գործը թողնվում է ընթերցողի դատին։

Այդ քննարկման արդյունքը, Սևակ Արծրունու պատկերացմամբ, համազգային համաձայնության հրամայականն է «Մեր Հնարավոր Ապագան անցնում է մեկ պարտադիր կետից, այն է՝ համահայկական կոնսենսուսի ձևավորում՝ ի գին ամեն բանի և ցանկացած զոհողության: Կոնսենսուս, այսինքն՝ համահայկական համաձայնության կայացում, որին կհաջորդի հայության ժողովրդագրական, նյութական և գիտելիքների ներուժի միաժամանակյա օգտագործումը՝ Հայաստանի, հայության և ամբողջ մոլորակի կայուն զարգացման նպատակի համար»,- գրում է հեղինակը, ում համոզմամբ, հասունացել է բնական հայրենիքը գիտակցական հայրենիքի վերածելու պահանջը։ Ինչպես ամեն սցենար՝ այս աշխատությունը նույնպես խիզախում է, սակայն այս խիզախ առաջարկի հիմքում արդի աշխարհի մասին ինքնուրույն ու ինքնատիպ պատկերացումներ են՝ առաջարկվող լրիվ այլ բնույթի տնտեսական ու համայնքային մոդել, որը հիմնված է սպառողական հասարակության ախտերի ժխտման ու շարունակական, կայուն զարգացման արժեքային սյուների վրա։

Հեղինակի գնահատմամբ՝ տնտեսվարման ու արժեքային պատկերացումների այդ մոդելը կարող է նոր լիցք հաղորդել հայաստանակենտրոնությանն ու հայահավաքին՝ եզրույթներին այլ իմաստներով լեցուն բովանդակություն տալով։ Եվ այս պրակի հեղինակը մտավոր ճամփորդության այդ ուղիով է գնում՝ չվախենալով մարտահրավերներից, գիտակցելով մեր ազգի ժամանակակից անդրազգային բնույթն ու, եթե թույլատրելի կլինի ասել, ճակատագիրը՝ կայուն զարգացման հայեցակարգի հիմքում դիտարկելով երջանիկ հայ, խաղաղասեր և քաղաքակիրթ մարդու տեսակը, «որում անհատը կարող է լինել ավելին, քան սպառող»:

Եվ անկախ մեր պատկերացումների ու դիտանկյունների նմանություններից ու տարբերություններից՝ այս աշխատանքն արժանի է դրվատանքի՝ թեկուզ միայն այն հիմնարար պատճառով, որ այն ուղղված է ապագային։

Արամ Անանյան
Պատմական Գիտությունների Թեկնածու
Երևան 2019