Կովիդ-19-ը՝ Մհերի Դուռ

Այս համավարակին կհաջորդեն ուրիշ համավարակներ, անցած տարիների գլոբալ տաքացման երեւույթները գնալով կահագնանան, մոլորակի գերբնակեցման հետեւանքները գնալով էլ ավելի կործանարար կդառնան՝ ջրի, սննդի եւ էներգիայի սովը, բնական աղետները, տնտեսական անկառավարելի ցնցումները կլինեն ամենօրյա կյանքի սովորական երեւույթներ:

Սեւակ Արծրունի
Երեւան, 15 ապրիլի, 2020թ.

  • Հետհամաճարակային աշխարհի պատկերը
  • Հասարակարգի վիրտուալացումը
  • Անհատը
  • Մհերի Դուռը՝ ժամանակակից հայտնություն (Apocalypse)
  • Պատասխանատվության նախապայմանը՝ մարդկային ողբերգության գիտակցումն է
  • Հասարակարգային նոր մոդելը՝ կայուն համայնքը

Հայոց ցեղասպանությունից եւ Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ գլոբալ ցնցումների արդյունքում ձեւավորվեց հայկական պետականություն, որն էլ անցած երեսուն տարիներին դիմակայեց դժվարին իրավիճակների: Պատերազմ, շրջափակում, սփյուռքի, մասնավորապես՝ միջինարեւելյան հայկական համայնքների կազմալուծում, արժեհամակարգերի փտում, ազգային հարստության թալան եւ անհավասար վերաբաշխում, զանգվածային արտագաղթ․․․:

Հայկական ճգնաժամը, սակայն, 2020 թվականի մարտ ամսից հայտնվեց Կովիդ 19 վարակի փոթորիկում, եւ պարտավոր է լինելու դիմակայել դրան հաջորդող համաշխարհային քաղաքակրթական ցնցումներին ու փլուզումներին: Աշխարհում բոլոր տերությունները պարտավոր են լինելու որոնել, գտնել եւ իրականացնել նոր միջոցառումներ՝ այն պարզ պատճառով, որ ամբողջ աշխարհը, երկրագունդն է հետզհետե սահելու, հայտնվելու մի նոր եւ անսովոր ժամանակաշրջանում:

Կովիդ-19 վիրուսի տարածումը սահմանափակելու համար՝ այս պահին աշխարհի բնակչության մոտ կեսը՝ ավելի քան երեք միլիարդ մարդ փակված է տներում: Փակվում են սահմանները, օդանավակայանները, կրթական եւ բիզնես հաստատությունները: Եւ այս ամենի հետեւանքով՝ փլուզման եզրին են առանձին պետություններ եւ միջազգային տնտեսություններ, աննախադեպ մեծանում են սովի ցուցանիշերը: Իսկ մարտի 26-ին Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարում էր, որ մարդկությունը վտանգված է:

Հարյուր միլիոնավոր աշխատողներ զրկվում են իրենց աշխատանքնից, հսկայածավալ կազմակերպություններ՝ հայտնվում սնանկության եզրին: Դրամատներն ու բորսային կազմակերպությունները կրկին շնչահեղձ են լինում թունավոր վարկերի կուտակումների տակ:

Մի կողմից՝ նեոլիբերալ գլոբալիզմի առաջարկած տարերային միջոցարումները հեռանկար չունեն, անհեռանկար են թվում նաեւ հարուստ պետությունների պրոտեկցիոնիստական մոտեցումները: Քաղաքական վերնախավի նկատմամբ անվստահություն է տիրում աշխարհի համարյա բոլոր ազգերի մոտ՝ մինչ կառավարման մոդելները սպառված են թվում: Մյուս կողմից, ի հակադրություն սրան, հանրության մեջ ավելի է խորանում արդեն արմատացած նախախնամություն/պետության հայեցակարգը: Այս հակասական, աքսիոմային իրավիճակում բեմադրվում է քաղաքակրթական առանցքի արմատական շեղում:

Վախի ու սպառնալիքի պայմաններում՝ գլխիվայր փոխվում է կյանքի առօրյա ընթացքը, ընտանիքի եւ սեփական կենցաղային ու առողջական վիճակի վերահսկման մոտեցումները, հասարակական կյանքի կառավարման համարյա բոլոր միջոցները: Ստեղծված սոցիալ հոգեբանական ցնցման պայմաններում՝ փոխվում են աշխատանքի, սնվելու, բուժվելու, հանգստանալու, նույնիսկ ամենամոտիկ մարդկանց հետ շփվելու առօրյա սովորույթները: Պարտադրվող եւ անհարազատ վիճակը երկարում եւ փոխում է նույնիսկ կյանքի նկատմամբ մարդկանց եւ հասարակության բնազդային մոտեցումները: Մարդկությունն այո՛, այս անգամ եւս կգտնի վերապրելու միջոցներ, սակայն միաժամանակ երկու համաղետներ՝ մոլորակի գերբնակեցումն ու գլոբալ տաքացումը որպես լիարժեք քաղաքակրթական համակարգեր կվերապրեն միայն այն հասարակությունները, որոնք կկարողանան հաստատակամ մնալ իրենց համայնքային ինքնության մեջ եւ միաժամանակ՝ կվերահսկեն իրենց պարտադրված փոփոխության համամոլորակային ալիքը: